Քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվեց մասնակի՝ Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվեց մեկ ամիս ժամկետով:
Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Այս մասին Facebook-ի էջում գրել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Այս գործով դեռևս որևէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որևէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ և անաչառ, զերծ ներքին և արտաքին ճնշումներից:
Այս գործը անօրինականությունների բնույթով և ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ»,- նշել է փաստաբանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել: