ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն անհիմն և ապօրինի է համարում Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ գործով քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշումը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախօրեին դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով քննիչը հեռացվել է վարույթից:
Այս առնչությամբ կոմիտեից մանրամասնեցին, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը համարում են անհիմն։
«Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը»,- նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Արգամ Աբրահամյանի առանձնատան կալանքը հանելու և անմիջապես այն վաճառելու հանգամանքները:
Պարզվել է, որ Արգամ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը գտնվել է արգելանքի տակ, դատարանի որոշմամբ կալանքը վերացվել է ու հանվել վաճառքի։