ՄԻՊ աշխատակազմում ընդունել է շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։ Պաշտպանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել նրանց դերի կարևորությունը ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։
Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն բաղադրատարրի՝ խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի իրացման շուրջ ՄԻՊ աշխատակազմի և ԶԼՄ ներկայացուցիչների առաքելությունն ընդհանրություններ ունի, և այդ համատեքստում կարևորել է հանրության կրթման ու իրավագիտակցության բարձրացման համար ջանքերի մեկտեղումը։
Ասուլիսի ընթացքում Պաշտպանը հանգամանորեն անդրադարձել է հավաքների ու անհնազանդության ակցիաների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում արձանագրված անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկման ընթացակարգային խախտումների, լրագրողների հանդեպ պետական բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից բռնության դեպքերին։
«Թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի լրագրողների նկատմամբ տեղի են ունեցել բռնության դեպքեր: Նաև երեկ տեղի ունեցած դեպքը ցավալի օրինակներ են առ այն, որ մենք, որպես պետություն, այս առումով անելիքներ ունենք»,- նշեց ՄԻՊ-ը:
Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է նաև լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիության մասին՝ որպես պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։
«Ձեր գործունեությամբ դուք պետական իշխանության բոլոր ճյուղերի գործունեության, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման կարևորագույն երաշխավորն եք: Եվ այս առումով պատահական չէ, որ լրատվությունն ու մամուլը շատ հաճախ համեմատվում, նշվում է որպես չորրորդ իշխանություն»,- հավելել է Քրիստիննե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկած անհնազանդության ակցիաների ժամանակ ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու, նաև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություն ենթարկելու դեպքեր էին արձանագրվել։