Ոստիկանները բերման են ենթարկել նաև Համբիկ Սասունյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի Facebook-յան էջից։
Նշենք, որ Համբիկ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2021-ին ազատ էր արձակվել։
1982թ. հունվարի 28-ին՝ առավոտյան 9։40-ին, այդ ժամանակ 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում՝ Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում, համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտել էր այս արարքը՝ որակելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2013թ.-ի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում էր իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին, ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։
Համբիկ Սասունյանը Հայաստան վերադառնալու որոշում է կայացրել։ Նա ևս մասնակցում է անհնազանդության ակցիաներին։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: