ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հայտնելով, որ Վարդանյանի հետ այցելել են Ազգային անվտանգության ծառայություն։
«2022թ. մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որը մենք չվճարեցինք շատ պարզ պատճառով՝ այդքան փող չունեինք։ Մեզ ծանոթացրին Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը, սա նույն գործով արդեն չորրորդ միջնորդություն է»,- մանրամասնել է փաստաբանը։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցված։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մի խումբ քաղաքացիներ փորձել էին ներխուժել «Ազատության» գրասենյակ, հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ «Ազատության»՝ նրանք ասում էին՝ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»:
Գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։