Հեռուստահաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա հայտնել է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա։
«Քրեական գործը դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար»,- հայտնել է Աբրահամյանը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելուն կամ իրացնելուն, աշխատանքներ կատարելուն կամ ծառայություններ մատուցելուն, որը անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը կամ պատճառել մահ։
Հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերության «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող 31-ամյա Արմինե Ճաղարյանը դժբախտ պատահարի զոհ է դարձել մայիսի 9-ին Դեբետ գետում ռաֆթինգի մասին հաղորդում նկարելիս։ Նա ընկել է վարարած գետը, ևս 6 մարդ է եղել նավակում, բոլորը, բացի Ճաղարյանից՝ փրկվել են։ Ռաֆթինգը կազմակերպել է «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունը։