Մայիսի 7-ին ներկայացրել էինք միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու ցուցում է տվել։
«Այսօր խորհրդակցություն է լինելու ծնողների հետ, օրվա երկրորդ կեսին կներկայացնենք առավել կտրուկ, ագրեսիվ միջնորդություններ՝ Ն․ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ իրականացնելու մասով»,- ասաց նա՝ շեշտելով, որ վկայակոչել են երկու խումբ պարզաբանման ենթակա հանգամանքներ։
Փաստաբանը շեշտեց, որ դրանք վերաբերում են միջպատերազմական և պատերազմական ժամանակահատվածում Ն․ Փաշինյանի, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հայտարարություններին։
Նա ընդգծեց՝ ծնողները նշել են, որ իրենց պահանջը բավարարված չէ, քանի զավակների զոհվելու մեջ միակ պատասխանատուն ու միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչի վերաբերյալ հետևություններ են արել Ն․ Փաշինյանի՝ ապրիլի 13-ի ելույթից․ «Նրանք պահանջում են, որ տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշման մեջ որպես հիշյալ գործողությունների մեղավոր մատնանշվի Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին գործողությունները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին ԱԺ–ում Փաշինյանը հայտարարել էր՝ «պատերազմը կարող էինք կանխել, որի արդյունքում կունանայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի»։ Այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների մի շարք ծնողներ միջնորդություն էին ներկայարցել Դատախազություն։
Հավելենք նաև, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է։