Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը չի կալանավորվի: Համապաստախան որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Armenia Today-ի հետ զրույցում ավտովթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ այս պահին իրավասու չեն ծանոթանալ տվյալ դատավարական փաստաթղթին, և չի կարող ասել, թե ինչն է հիմք ընդունվել դատարանի նման որոշման համար։
Ըստ փաստաբանի՝ քրեական գործով արդեն իսկ հաստատված է, որ խախտումն առկա է վարորդի կողմից։ «Ի թիվս այլնի՝ վարորդի խախտումը հանդիսանում է նաև ճանապարհային տվյալ հատվածի երթևեկության առավելագույն չափի գերազանցում։ Այսինքն՝ կառավարության կողմից կոնկրետ սահմանված է, որ հատուկ նշանակության ուղեկցող ավտոմեքենաների արագությունը սահմանված է 100 կմ/ժ, բայց այս դեպքում մեքենան գերազանցել է նույնիսկ այդ արագությունը»։
Ասլանյանը նշեց նաև, որ Սոնա Մնացականյանի մահը վրա է հասել վարորդի անմիջական գործողությունների հետևանքով և վարորդի մեղավորությունն արդեն հաստատված է համապատասխան քրեական գործով։ «Գործի հետագա քննությամբ պարզ կպարզաբանվեն մահվան հանգամանքների, այդ թվում՝ նաև ՃՏՊ վայրը լքելու հանգամանքը։ Նաև նշեմ, որ փախուստի հանգամանք է կոչվում նաև վթարի վայրը լքելը, որը հաստատված է և՛ քրեական գործի նյութերով, և՛ համացանցով շրջանառվող տեղեկատվության պարզ ուսումնասիրությամբ»,-նշեց տուժող կողմի պաշտպանը։
Հարցին՝ սպասելի էր արդյոք դատարանի նման որոշումը, Ասլանյանն արձագանքեց. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքեր, հնարավոր համարում էինք, որ դատարանը կարող է մերժել կալանավորման միջնորդությունը»։