«Երբ առավոտյան իրականացրեցինք անհնազանդության ակցիաները, լուր ստացանք, որ այս իշխանությունները որոշում են կայացրել ձերբակալել Գարիկ Գալեյանին, 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսի հորը»,-ասաց նա։
Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը հիշեցրեց՝ երկար ժամանակ է, նահատակված հերոսների ծնողները պահանջում են, որ իրավապահները հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն այն անձին, ում պատճառով զոհվել են հայ զինվորենրը։
«Քննիչը մինչ այս պահը չի կատարել այդ պահանջը։ Մեր զոհված զինվորների ծնողները գնացել են զինվորական քննչական վարչություն, իրենց խոսքն են բարձրացրել, ասել են՝ պարտավոր եք կանչել ու հարցաքննել։ Սկսել են տարբեր պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու չեն հրավիրում Նիկոլ Փաշինյանին։ Ծնողները վրդովվել են, բողոքի ակցիա են իրականացրել»,-ասաց Վանեցյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ որոշել են ձերբակալել նաև Մխիթարի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։ Վայեցյանն ու այլ պատգամավորներ մի քանի ժամ այսօր անցկացրել են քննչական վարչությունում, անձնական երաշխավորություն են ներկայացրել խափանման միջոցը՝ հնարավոր կալանք չկիրառելու համար։
«Հայրենիք» կուսակցության նախագահը շեշտեց՝ այս իշխանությունները չորս հազարից ավելի տղաների են զոհել, բայց մինչ այս պահը պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ մեկ օրում հերոսածին ծնողին ձերբակալելու որոշում է կայացվել։