Զոհված զինծառայողների ծնողների պահանջը բավարարվեց: ԲԴԽ-ում համաձայնել են ընդունել 30 ծնողի: Այս մասին հայտարարեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Այս պահին ծնողները մտել են ԲԴԽ-ի շենք։ Այս պահին հանդիպումը տեղի է ունենում։
Կարին Տոնոյանը նշեց՝ կպահանջի, որ հանդիպումը տեղի ունենա լրատվամիջոցների ներկայությամբ։
«Եթե 10 րոպեից չիջնեք, բոլոր ծնողներով մտնելու ենք ԲԴԽ-ի շենք, ոստիկանների ու ծնողների բախումը ձեր խղճին է մնալու»,- մինչ այդ հայտարարել էր Կարին Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին որ Գագիկ Ջհանգիրյանն իջնի ԲԴԽ-ի շենքից։ Հիշեցնենք նաև, որ ծնողներին երթով միացել է նաև «Դիմադրություն» շարժումը։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել, բայց այսօր իրավիճակը նույնն էր լինելու՝ առանց զոհերի։ Զոհերի հարազատներն այս հայտարարության մեջ հանցագործության տարրեր են տեսել և համապատասխան հաղորդագրություն են ներկայացրել գլխավոր դատախազություն։ Ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին։