Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտարարել են նրա պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արմեն Մաշինյանը։
«Բողոքով պնդում ենք, որ՝
1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».
2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.
3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,- նշել են պաշտպանները։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։