Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1 092 538 513 ՀՀ դրամ։
477 473 907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600 762 179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց մասին հընթացս կտեղեկացվի: