Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Հարությունյանի համար սպասելի էր նման որոշումը, քանի որ, ըստ նրա, Չալաբյանի գործը քաղաքական տիրույթում է։
«Ելներով առաջին ատյանի դատարանի դատական ակտի որակից՝ կարելի է ասել, որ սա հերթական քաղաքական դատական ակտն է դատավոր Արմեն Դանիելյանի ձեռամբ իրականացված։ Արմեն Դանիելյանը, բնականաբար, այն դատավորների շարքին է պատկանում, որը պրոդատախազական որոշումներ է կայացրել։ Այս մասին են վկայում այն բոլոր այն զգայուն քաղաքական գործերը, որոնց հարցում պրոդատախազական մոտեցումներ է որդեգրել»,- ասաց նա՝ նշելով, որ արդարադատության հասնելու ռեալ ակնկալիքներ չունեն, քանի որ Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
«Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը:
Հավելենք, որ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը և ընտանիքի անդամներն Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչով աջակցության նամակներ և հայտարարություններ են ստացել Արցախի Հանրապետությունից, որտեղ Ավետիք Չալաբյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ կրթական, մշակութային, տնտեսության և բանակի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Չալաբյանին իրենց աջակցությունն են հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներ։