Մայիսի 29-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Այդ օրը՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսանդր Մարկոսյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և գողություն կատարել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորությամբ։ Տեղում Ա. Մարկոսյանը հայտնել է, որ մայիսի 27-ին՝ ժամը 18։00-ից մինչև մայիսի 29-ի 22։30-ն ընկած ժամանակահատվածում, բնակարանի պատշգամբով մուտք են գործել իր տուն և այնտեղից հափշտակել 2 մլն դրամ ու ոսկյա զարդեր։
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ա. Մարկոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ բաժնետիրական ընկերության բաց հանքի կառավարչության ղեկավարի տեղակալ։