Պետական վերահսկողության ծառայությունը ներկայում տարբեր գերատեսչություններում ավելի քան 50 վերահսկողական ծառայություն է իրականացնում։ Շուրջ 7 տեղեկանք է ուղարկվել Դատախազություն։ Այս մասին հայտնել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշել է, որ ստուգումներ են անցկացվում մի շարք նախարարություններում և գերատեսչություններում, որոնց թվում են առողջապահության, պաշտպանության, արդարադատության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, մի շարք մարզպետարաններ, ինչպես նաև պետության բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսը կազմող ընկերությունները, ինչպիսին «Հայփոստն» է։
Անդրադառնալով Աբովյանում գործարար Գագիկ Ծառուկյանի կառուցած երիտասարդական թաղամասի շինարարության դադարեցմանը՝ Պետրոսյանը նկատեց, որ դեռ Կոտայքի մարզպետ եղած ժամանակահատվածում է պարզել, որ 19 շենքից բաղկացած նախագիծը քաղաքաշինական փաստաթղթեր չի ունեցել, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համապատասխան փորձաքննություն չի անցել, չեն վճարվել նաև տեղական տուրքերը:
«Ավելին, շենքերը կառուցվում էին կա՛մ երրորդ անձանց պատկանող տարածքներում, կա՛մ համայնքային սեփականության հողերի վրա։ Արդյունքում՝ դատախազության կողմից չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, որով անցնում էր նաև Աբովյան համայնքի նախկին ղեկավարը։ Այս պահին, եթե չեմ սխալվում, գործը հանգուցալուծման փուլում է, կառուցապատողը վնասը փոխհատուցել է»,- ասաց նա։
Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստ կլինի Երևանի քաղաքապետարանում կատարված ստուգումների հաշվետվությունը: Նա կոչ արեց այս գործընթացը չկապել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հեռանալու հետ, քանի որ ստուգումները սկսվել են վերջինիս հրաժարականից շատ առաջ։