«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացվել են հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաք-երթի վերաբերյալ իրականացված դիտարկման արդյունքները:
Զելույցում հիշեցրել են, որ հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքը շրջափակեց կառավարության նստավայրը, հետո երթը շարունակվեց՝ դեպի Պարոնյան փողոց։
«Երթին մասնակցում էին բազմաթիվ տարեցներ և երեխաներ։ Ժամը 20։10-ին երթը կանգ առավ դեպի կառավարական առանձնատներ տանող
ճանապարհի մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկին,
որտեղ հավաքի կազմակերպիչները բարձրախոսով ելույթներ ունեցան։
Ոստիկանությունը, բազմաշարք շղթայով արգելափակել էր ինչպես
առանձնատներ տանող ճանապարհի մուտքը, այնպես էլ Դեմիրճյան փողոցը։
Հատկանշական է, որ նախկինում նշված փողոցը ոստիկանության կողմից չէր
արգելափակվել և դրանով «Դիմադրություն» շարժմումը երթեր էր անցկացրել,
օրինակ՝ 2022 թ․ մայիսի 4-ին։ ժամը 20։30-ին հավաքի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ի․ Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը շարունակվելու է Դեմիրճյան փողոցով, որը այդ պահին արգելափակված էր ոստիկանության բազմաշարք շղթայով: Ի․ Սաղաթելյանը, հավաքի մասնակիցների հետ մոտեցավ ոստիկանության շղթային՝ ոստիկանների կողմից չբացելու պարագայում նպատակ ունենալով ճեղքել այն։ Մասնակիցները սկսեցին հրել վահաններ կրող ոստիկաններին, սակայն վերջիններս չընկրկեցին և ուժով ետ պահեցին ցուցարարներին, տեղի ունեցան ընդհարումներ։ Հավաքի մասնակիցները շարունակում էին հրել՝ շղթան ճեղքելու նպատակով։
Ոստիկանության մյուս ծառայողներ ուժով հեռացնում էին ցուցարարներին։ Իրավիճակը ծայրահեղ լարվեց։ Ոստիկանները գործողությունների ընթացքում դրսևորեցին աննախադեպ բռնություններ: Հավաքի ընթացքում ոստիկանությունը, առաջին անգամ 2018 թ․-ից ի վեր, կիրառեց լուսաձայնային նռնակներ»,-ասված է զեկույցում:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: