Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում։ Այս մասին հայտարարություն են տարածել Արամ Սիմոնյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
«Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես»,- ասված է հայտարարության մեջ։
«Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով՝ Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները»,- նշում են պաշտպանները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։