Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից:
Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նշենք, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն, որը պատկանում է Արման Բաբաջանյանին, տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք համապատասխան նշանակման վայրեր»:
Արթուր Վանեցյանը և նրա ծնողները հայտարարել են, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ դատական հայցով պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։