Վերաքննիչ դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը։
Մնացած մեկնաբանությունները Մելիքյանը խոստացել է հրապարակել որոշման ամբողջական տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո։
Հիշեցնենք, որ պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ մայիսի 26-ին բողոք էր ներկայացվել վերաքննիչ։
Բողոքով պնդում էին, որ Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը», կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը բավարար չափով հիմնավորված չեն, Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն մայիսի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։