Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկություններ է հաղորդել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
«Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։
Դատալսումները, հավանաբար, կսկսեն հուլիսին»,- գրել է նա Facebook-յան իր էջում։
Իրավապաշտպանը ներկայացրել է իր և Գրիգորյանի մեկ այլ պաշտպան պաշտպան Արմեն Մաշինյանի կողմից պրոդյուսերի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ իրենց հիմնական պնդումները.
«(1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ,
(2) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,- նշվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցներում վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը: