Այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ է տեղափոխվել 7 քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:
Ինչպես հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: