Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշում կայացրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Այս մասին այսօր ԲԴԽ նիստում հայտարարեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը օրերս լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
Ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա: Նշենք, որ ըստ ասուլիսի ժամանակ հրապարակված ձայնագրության՝ Ջհանգիրյանը սպառնալիքներ է հնչեցրել Վարդազարյանի հասցեին և ոչ նորմատիվ լեքսիկոնով արտահայտվել ընդդիմության մասին։ Նա ասել է, որ այլ թեկնածուի կողքին գուցե և կանգներ, սակայն Ռոբերտ Քոչարյանի գալուն դեմ է, քանի որ «այդ կլանից հազիվ է պրծել»։