Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբի բողոքը դատախազի՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները մերժելու որոշումը։ Այս մասին հայտնում են Չալաբյանի փաստաբանական թիմից։
«Ավետիք Չալաբյանը ևս մասնակցում էր դատական նիստին։ Չնայած նրան, որ քննիչը միջնորդեց, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ, այնուամենայնիվ նիստը տեղի ունեցավ դռնբաց։ Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ դատախազի մասնակցությունն ապահովելու համար և հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին:
Մեզ համար ակնհայտ է, որ նման երկար ժամկետով հետաձգելը ողջամիտ ու համաչափ չէ, մանավանդ որ բողոքը, ըստ էության, վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը, որը հրատապ քննության առարկա պետք է լինի», – նշել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։