ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ դատական նիստ է նշանակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հենց նոր դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12։00-ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»,- գրել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ նա գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, ինչի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Պաշտպանության կողմը այդ առիթով միջնորդություն ներկայացրեց դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։