2021 թվականի հուլիսին «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ կատարվեցին։ Ըստ փոփոխությունների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախկինում գործող վեցամսյա ժամկետը փոխարինվել է 90 աշխատանքային օրով։ Թեև օրենքի փոփոխությունն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին, այն ուժի մեջ է մտել օրերս՝ հունիսի 25-ին։
Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։
Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը նաև խնդրել էինք տրամադրել տվյալներ, թե, մասնավորապես, 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու քանի՞ դիմում են ստացել։ Ա․ Մկրտչյանն, ի պատասխան մեր հարցադրմանը, հայտնել է, որ 2022թ․ հունվարի 1-ից հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 9466 անձ։
Խնդրել էինք մասնավորեցնել նաև, թե 2022 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու քանի դիմում են ստացել։ Ի պատասխան նշվել է, որ այդ անձանց թիվը 7936 է։
Ինչ վերաբերում է 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներին, ապա նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար 2170 անձ է դիմել։
Ստացվում է, որ վերջին վեց ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած անձանց 83 տոկոսը (7936 մարդ) դիմել է հենց մարտի 1-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում։
Հավելենք, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 961 500 է։ Նկատենք, որ նախորդ տարվա՝ 2021-ի ընդհանուր և ամփոփո տվյալներով, այդ թիվը կազմում էր 2 962 100։