ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ նա գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։
Պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանի որ, ստեղծված պայմաններում նրան կալանքի տակ պահելը ոչ միայն ապօրինի է, այլև, ըստ պաշտպանյալի, իր մեջ պարունակում է խոշտանգումների տարր:
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։