ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Ծովինար Վարդանյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ այսուհետ թերլցման պարագայում գազալցակայանները կպատժվեն։
«Ես և իմ գործընկեր Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ»,- գրել է Ծովինյար Վարդանյանը Facebook-յան իր էջում։
Ըստ նրա՝ տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը։
Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:
Ըստ պատգամավորների՝ վերոնշյալ փոփոխությունները միտված են ներդնել հանրային վերահսկողության գործիքներ, բարձրացնել տնտեսվարողի գործունեության թափանցիկության մակարդակը և սահմանել առավել համաչափ տուգանքներ: