Դատավոր Արսույակ Ալեքսանյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստին հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը 15-օրով երկարացվել է: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Չալաբյանի փաստաբանը` Վարազդատ Հարությունյանը:
«Դատավոր Արսույակ Ալեքսանյանը որպես արդարադատություն իրականացնող այլևս գոյություն չունի: Էլ իրեն իմ մոտ գովացող չլինի: Կալանքի ժամկետը անօրինական բավարարեց և երկարացրեց Չալաբյանի կալանքը 15 օրով, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը ժամանակ ունենա գործն ուղարկի դատարան:
Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով: Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները դրանց կատարածուները: Անձին անօրինական կալանքի տակ պահող յուրաքանչյուր պաշտոնյա պատժվելու է` նստելու ձևով:
Հ. Գ. հա ու դատավորը պիտի էնպես ապրի ու գործի, որ չամաչի գլուխը բարձրացնել ու նայել նիստին ներկաների աչքերին»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմամբ զբաղվող «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Այն նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: