Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նոր հայեցակարգին, որի շրջանակներում նախատեսվում է Ներքին գործերի նախարարության ստեղծում։
Նա անդրադարձել է այն քննադատություններին՝ կապված ՆԳՆ-ի ստեղծման ուշացման հետ։
«Հսկայական աշխատանք է կատարվել, որպեսզի նախարարության ստեղծման ամենաօպտիմալ տարբերակը գտնենք։
Մենք զրոյից նախարարություն չենք ստեղծելու, վերցնելու ենք ԱԻՆ-ի հենքը։ Այնպիսի մոդել ենք ուզում առաջարակել, որը լրացուցիչ բեռ չի դնի պետության վրա»,- ասել է Անդրեասյանը։
Անդրադառնալով ՆԳՆ-ի կառուցվածքին, գործառույթներին՝ ԱՆ փոխնախարար Ա․ Սարգսյանը նշել է, որ ՆԳՆ-ի մոդելը վերջին ամիսներին փոփոխությունների է ենթարկվել։
«Ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմքում ՀՀ-ում նոր ոստիկանության ստեղծումն է՝ լուծելու այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են ոստիկանության շուրջ։ Բնականաբար, կան կառուցվածքային փոփոխությունների տեսանկյունից որոշ կարիքներ, որոնք իրապես պետք է ճիշտ գնահատվեն, օրենսդրական բազան ևս պետք է փոխվի, բայց ՆԳ նախարարության ստեղծումը ոստիկանական ոլորտի բարեփոխումների ամբողջականացումն է թույլ տալու։ ՆԳՆ-ը կգա հաղթահարելու ճգնաժամային իրավիճակը ու կունենանք ոլորտային քաղաքականություն մշակող՝ ի դեմս նոր ՆԳՆ-ի, և ոլորտային քաղաքականություն իրականացնող՝ ի դեմս ոստիկանության։ Այս դեպքում մենք կունենանք հստակ գործառութային տարանջատում։ մենք չենք ունենա կրկնվող գործառույթներ»,- ասաց նա՝ շեշտելով, որ ներառվել են նաև Միգրացիոն ծառայությունը, ինչպես նաև ԱԻՆ-ը։
Նրա խոսքով՝ հիմնական գաղափարը մի կետից կառավարում ունենալն է։
Մանրամասները՝ տեսանյութում։