Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԴ-ն։
Հայտարարագրերի ներկայացման հանցակազմերով 2021թ. ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, որոնցից 9-ով նախաքննությունը շարունակվել է նաև 2022թ. ընթացքում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11 քրեական գործով:
2022թ. առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022թ. առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ:
Մասնավորապես՝
2022թ. մարտի 24-ին դատարան ուղարկված մի քրեական գործով հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղարդանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին: Այս գործով դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով համաձայնեցման վարույթի կիրառմամբ վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
2022թ. ապրիլի 15-ին դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գևորգյանին և վերջինիս կնոջը, ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
2022թ. հունիսի 22-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար:
2022թ. հունիսի 2-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
Բացի վերոնշյալը, դեռևս 2021թ. ապրիլի 28-ին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի և վերջինիս որդու վերաբերյալ քրեական գործը, որով նրանք մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ ՀՀ ԿԿՀ չներկայացնելու համար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 10.11.2021թ. որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: