Այսօր դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա մայիսի 18-ից գտնվում էր կալանքի տակ։ Նրան կալանավորելու որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նաև Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Միկա Բադալյանին, Նարեկ Մանթաշյանին էր կալանքի սանկցիաներ տվել։ Ալեքսանյանը, հիշեցնենք, մինչև դատավոր դառնալը քննիչ է եղել՝ 2018-2022 թթ․ աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, երբ ղեկավարը Սասուն Խաչատրյանն էր։
Hraparak.am-ը զրուցել է Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կարող է ասել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ, քանի որ համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով հենց իրեն են մեղադրում պրոդյուսների մահվան մեջ՝ նշելով, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացրել եւ կալանքի որոշում կայացրել մտավորականի նկատմամբ, որը քրեորեն պատժելի արարք չէր կատարել, ուղղակի քննադատել էր Փաշինյանին եւ նրա իշխանությանը։
«Իմ մոտ նենց տպավորություն է, որ մարդկանց ստվար խումբ կա, որ ոնց որ անընդհատ սպասի՝ ինչ-որ վատ բան լինի, որ էդ շքերթը սկսի, բայց դրա վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ինչ վերաբերում է կալանքի օրինականությանը և հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որևէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որևէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որևէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»,- ասել է Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մահվանը, Ալեքսանյանն ասել է․ «Ես խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, և միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։