ՄԱԿ-ը պետք է հստակ դիրքորոշում հայտնի քաղաքական հետապնդումների վերաբերյալ։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց ի հիշատակ Արմեն Գրիգորյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ իրենց կառավարությունից պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։
«Կառավարության շենքում նստած մարդն իր վարքով թունավորել է նաև իրեն ուղեկցողներին, որոնք երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, առանց աչքը թարթելու, անցան գնացին։ Արմեն Գրիգորյանը հայտնի հասարակական գործիչ է, շատերը ցնցվեցին նրա մահով, բայց ամեն մեկդ մտաբերեք, թե պատերազմի հետևանքով, հայրենազրկման հետևանքով, հարյուրավոր հայկական գյուղեր թուրքին հանձնելուց հետո օրական մեր քանի հայրենակցի սիրտ է կանգնում, քանի զավակ կորցրած ծնող է մահանում»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժման անդամներն ի պաշտպանություն քաղբանտարկալների իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցչության մոտ՝ պահանջելով երկակի ստանդարտներ չկիրառել և աչք չփակել քաղաքական հայացքների համար իշխանության կողմից կիրառվող բռնաճշումների վրա։
Այնուհետև, քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի հիշատակ հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի։