Հայաստանում 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը Ապօրինի գույքի վերադարձ և անցումային արդարադատություն. դասեր և մարտահրավերներ» կլոր-սեղան քննարկմանը:
Վարչությունն այժմ գործում է 9 դատախազի և 9 տնտեսագետի թվակազմով: Քոչարյանի խոսքով՝ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, քանի որ գործերի քանակը գնալով ավելանում է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց առ այսօր վարչությունում ստացվել են 574 անձի վերաբերյալ 345 նյութեր՝ քրեական գործերից, օպերատիվ հետախուզական մարմիններից: Այդ 574 անձի վերաբերյալ գործերից վարչությունում որոշում է կայացվել ուսումնասիրություններ սկսել 342-ով: Այսինքն 230 անձի վերաբերյալ ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի գույք չկա, և ուսումնասիրություն առհասարակ չի սկսվել: Այդ 342 ուսումնասիրություններից այս պահի դրությամբ վերջնարդյունքին հասել են և հայց է հարուցվել քաղաքացիական դատարան ընդամենը 12 գործով: Ունենք 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ»,-ասաց Քոչարյանը:
2020 թվականի սեպտեմբերից ի վեր 213 միջնորդություն է ներկայացվել դատարան՝ բանկային, ապահովագրական և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու խնդրանքով, ինչպես նաև հայցի նախնական ապահովումներ կիրառելու խնդրանքներով: Այդ 213 միջնորդություններից 185-ով ստացվել են որոշումներ, մեծամասնությամբ բավարարվել են: Անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 80-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել հայտնաբերված գույքերի շուկայական արժեքների, դրանց վրա կատարված ծախսերի, ներդրումների պարզման, հաշվարկման համար: