«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, բավարարել է Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու իր միջնորդությունը։
«Դատարանը գրավի դիմաց բավականին խոշոր գումար է առաջարկել։ Միջնորդությունը բավարարվել է։ Այժմ հարազատները պետք է գումարը հավաքեն։ Պարզ չէ, թե երբ գումարը կարող են հավաքել, որպեսզի Մանթաշյանն ազատ արձակվի»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։