Պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն»,- գրել է փաստաբանը։
Նշենք, որ կալանավորված Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է (ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ): Փաստաբանը հաղորդել է, որ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից ու ապրիլի 22-ին 2 ամիս ժամկետով ձերբակալվել։
Ըստ ՔԿ-ի՝ ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում նա սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Օրեր առաջ դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել է 20 օրով: