«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետն օրեր առաջ 15 օրով երկարացվել է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նրա շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյաննն ասաց, որ Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը՝ «նրան ապօրինաբար անազատության մեջ պահելու համար»։
«Դատավոր Արուսյակ Ալեքսանյան որպես արդարադատություն իրականացնող այլևս գոյություն չունի:
Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով»,- նշեց փաստաբանը։
Հարությունյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները՝ դրանց կատարածուները: