Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը ընդմիջվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով։ Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
ԱԱԾ-ն հաղորդում է, որ Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ՝ միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար: