Այս քրեական գործ կոչեցյալն ընդամենը ծխածածկույթ է, այստեղ քրեական գործ չկա։ Այս մասին հուլիսի 26-ին կայացած դատական նիստի ժամանակ ասաց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ կա կոնկրետ վարչախմբի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյան անունով, որն իրեն հայտնի պատճառով իրականացնում է հետապնդում իր և իր ընտանիքի նկատմամբ։
«Մեր իրավապահ համակարգում գործող կազմակերպված խումբն իրականացնում է գործողություններ, որ ամեն անգամ օրենքը կամայական մեկնաբանելով՝ ինձ պահում է կալանքի տակ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի»,- ասաց Չալաբյանը։
Չալաբյանն ասաց, որ այս դատավճիռը երբևէ չի էլ մտնելու օրինական ուժի մեջ, քանի որ այստեղ չկա հանցակազմ, սա ֆաբրիկացիա է։ Իսկ ֆաբրիկացիան Չալաբյանը որակում է ապօրինությամբ, հազար տեղից մոնտաժված-կցված ձայնագրությամբ, որը հրապարակված է կառավարական կայքում, երկու հոգուց խոշտանգումներով ստացած ցուցմունքներով։
Հիշեցնենք, որ Չալաբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Այն նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ։