Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին հայտնեց, որ դատական նիստը լքած երկու պաշտպանների դեմ սանկցիա է կիրառվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Դատավորը Չալաբյանին ասաց, թե կարող է օգտվել հանրային պաշտպանից։
«Եթե ձեր պաշտպանները չներկայանան, դատարանը ստիպված է լինելու դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ ներգրավելով հանրային պաշտպանի, անկախ ձեր ցանկության»,– նշեց Մարտիրոսյանը։
Չալաբյանի պնդմամբ՝ իր պաշտպանությունը պետք է իրականացնեն հենց իր պաշտպանները, ոչ թե որևէ հանրային պաշտպան։ Նրա խոսքով՝ իր պաշտպանական իրավունքը պետք է ամբողջությամբ վերականգնվի, դատարանը պետք է տրամադրի գործերի նյութերը՝ ողջամիտ ժամկետում դրանց ծանոթանալու համար։
Մնացական Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է․ այն տեղի կունենա վաղը՝ հուլիսի 27-ին, ժամը 16։30-ին։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը լքել են դատական նիստի դահլիճը՝ հայտարարելով, որ ժամանակին ծանուցում չեն ստացել գործի նյութերին ծանոթանալու համար։