Մամիկոն Ասլանյանի ինքնազգացողությունը դեռ լավ չէ, նա գտնվում է Գրիգոր Լուսավերիչ ԲԿ-ում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Ասլանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նշեց, որ ակնառու խնդիրը եղել են ճնշման կտրուկ տատանումները, որի պատճառով քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը որոշել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների։ Այժմ նա գտնվում է հետազոտությունների փուլում։
Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք դիմել միջնորդությամբ, և որն է լինելու հաջորդ քայլը, Վարոսյանն ասաց, որ դա կախված է հետազոտությունների արդյունքներից։
«Ենթադրում եմ, որ ավելի հավանական է, որ շտապ դիմենք խափանման միջոցը փոխելու խնդրանքով»,- ասաց Վարոսյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Մամիկոն Ասլանյանի ինքնազգացողությունը վատացել է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վանաձորը հինգ տարի շարունակ ղեկավարած Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հասարակական վտանգավոր արարքներ կատարելու համար: Դեկտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը: