Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է` չի ապահովվում նրա բժշկական հետազոտությունը, իսկ Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են:
Այս մասին Facebook-ի էջում գրել է Վերմիշյանի փաստաբանը` Ալեքսանդր Կոչուբաևը:
«Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի 4), կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումն արդեն իսկ վերածվել է պատժի:
Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր 2020 թվականի փետրվարի 5-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Նույն թվականի փետրվարի 27-ին կառավարության որոշմամբ Վերմիշյանը ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։