Գործող իշխանությունները, չհամակերպվելով, որ Ավետիք Չալաբյանը, ի հեճուկս իրենց ճնշումների, այսօր ազատության մեջ է՝ ցանկանում են հնարավոր բոլոր միջոցներով նորից ազատազրկել նրան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը:
«Նշենք, որ ավելի վաղ Չալաբյանի վատթարացած առողջական վիճակով պայմանավորված երկու նախնական դատալսումներ հետաձգվել էին, սակայն օրվա իշխանությունները, ցանկանալով կրկին կալանավորել Չալաբյանին, շարունակում են համառորեն մեկ օրվա տարբերությամբ նոր դատալսումներ նշանակել, որպեսզի իրենց մտադրությունները կյանքի կոչեն։
Իշխանությունները թե´ Ավետիք Չալաբյանի, թե´ այլ քաղաքական բանտարկյալների գործերով բազմիցս ցույց են տվել, որ, ընդունելով օրինականության հետ որևէ աղերս չունեցող որոշումներ, և կալանքն օգտագործելով որպես քաղաքական հաշվեհարդարի միջոց, այսպիսով իրենց քաղաքական հակառակորդներին պահում են անազատության մեջ: Կալանավորելով ոչ թե անձին մեկուսացնելու, այլ նրա առողջությունը քայքայելու և ֆիզիկական վախճանը մոտեցնելու խնդիր են կատարում: Նշվածի հրեշավոր օրինակներից էր ընդդիմադիր ակտիվիստ, մտավորական և սիրված ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական վախճանը։
Տեղեկացնենք, որ գործող օրենսդրությամբ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին։ Նման պայմաններում, երբ Ավետիք Չալաբյանը կալանավայրից դուրս գալուց հետո վերականգնում է իր խարխլված առողջությունը, խոսել այնպիսի նոր էական հանգամանքների ի հայտ գալու մասին, որոնք կարող են կրկին կալանավորման հիմք հանդիսանալ, առնվազն՝ անմտություն է, իսկ հակառակի մասին ուղղակի վկայում է Չալաբյանի աղոջական վիճակը, որը կալանավորման ողջ ընթացքում և դրանից հետո շարունակ վատթարացել է, այս հանգամանքը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է, որ նա չպետք է կրկին կալանավորվի։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է դիմակայելու նրա նկատմամբ պատրաստվող նոր ապօրինություններին։ Սակայն հաշվի առնելով քրեական գործն ի սկզբանե օրինականության դաշտում չընթանալու հանգամանքը, ծայրահեղ կարևոր է նաև մեր երկրի գիտակից հանրության ներկայությամբ միասնական հակազդեցությունը գործող իշխանություններին՝ թույլ չտալու նրանց օրենքի առավել բիրտ ու գռեհիկ խախտումներ, ի դեմս Ավետիք Չալաբյանի, պաշտպանելու յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտության և օրինական պաշտպանության իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ:
Պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի է ունենալու նախնական դատալսումների դռնբաց նիստ։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխվել ու նա ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով:
Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։