Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Նախորդ դատական նիստը հետաձգվեց նրա առողջական խնդիրների պատճառով։ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ կալանավայրից դուրս գալուց հետո նա բժշկական ուսումնասիրություն է անցել։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։