«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը երեք ամսով կալանավորվեց։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատական լսումների ընթացքում քննարկման առարկա է դարձվել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրող դատախազը միջնորդել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։
Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանն ասաց, որ մեղադրյալը, ազատության մեջ գտնվելով, պատշաճ վարքագիծ է ցուցաբերել, միջնորդեց, որ Չալաբյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չկիրառել։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել Չալաբյանին՝ նշելով, թե կարող է հիմնավորված համարվել, որ մեղադրյալը ենթադրաբար կարող է կատարած լինել իրեն մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը և կարող է առնչություն ունենալ դեպքին։
Դատարանը որոշեց կալանք կիրառել՝ երեք ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Ավետիք Չալաբյանն ազատ էր արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։