Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին 200.0 մլն դրամ փոխանցելու նախագիծը։ Գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը, այն մշակվել է ՔԿ-ի կողմից։
Նախագծով առաջարկվում է ՀՀ քննչական կոմիտեում ավելացվող հաստիքներով պայմանավորված իրականացնել բյուջետային հատկացումներ: Նախագծի ընդունմամբ ՀՀ քննչական կոմիտեում ավելացվող հաստիքների համար կապահովվի աշխատավարձի վարձատրության գծով ծախսերի իրականացումը:
Գումար հատկացնելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում առկա իրավակարգավորումներով, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի հուլիսի 1-ից։ Նախկինում նախատեսված հետաքննության ինստիտուտը այլևս չի գործում և նշված փոփոխությամբ պայմանավորված, մի շարք փոփոխություններ են կատարվել նաև առնչվող այլ իրավական ակտերում: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի առկա հաստիքացուցակում կատարվեցին փոփոխություններ և հետաքննության մարմինների աշխատակիցների՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ քրեակատարողական ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության նշված՝ ընդհանուր առմամբ 210 հաստիքները փոխանցվեցին ՀՀ քննչական կոմիտեին:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 197.8 մլն դրամ։