Այսօր Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ Քիչ առաջ տեղեկացա, որ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Այնուհետև պարզվել է, որ դրա պատճառ է հանդիսացել պարոն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ: Աղվան Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընդանում է ծանր ձևով: Ըստ մասնագետների կարծիքի՝ կյանքի ու առողջության համար վտանգ է հանդիսանում։ Ըստ բժիշկների՝ հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի»,-գրել է պաշտպանը՝ հիշեցնելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն օրեր առաջ նույնիսկ չքննարկեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացման եւ նրա մոտ նոր հիվանդությունների հայտնաբերման հիմքով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Նա նշել է, որ անդառնալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Մ. Մարտիրոսյանը։
Այսօր ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։