Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ պահանջելով հրավիրել արտահերթ դատական նիստ։
Պաշտպանները Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին փաստաթղթեր էին ներկայացրել։
Ուստի, պաշտպանները միջնորդել էին Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարել էին, որ նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ։
Հավելենք նաև, որ Աղվան Հովսեփյանն օրերս «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելիս ուշագնաց է եղել, նրա արյան մեջ գլյուկոզայի ցուցիչը բարձր է եղել։
Այսօր ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։