ՌԴ Վնուկովո օդանավակայանի մաքսատան աշխատակիցները ձերբակալել են վեց հոգուց բաղկացած երկու խմբի, որոնք փորձել են 225 կգ քաշով 45 ձուլակտոր ոսկի (մոտ 5 մլրդ 360 մլն դրամ արժողությամբ – խմբ.) դուրս բերել ՌԴ-ից և տեղափոխել ԱՄԷ և Հայաստան: Այս մասին Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մաքսանենգները եղել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Երեք հոգուց բաղկացած խումբը պետք է ուղևորվեր Երևան՝ ուղեբեռում ունենալով ոսկու ձուլվածքները։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմում լինելու պայմաններում ազատված է ուղևորների նկատմամբ մաքսային հսկողությունից։
Երեք հոգուց բաղկացած մյուս խումբը ուղևորվում էր Դուբայ (ԱՄԷ)։ Նրանք դատարակ ճամպրուկներով են եղել՝ ձևանալով զբոսաշրիջիկներ։ Այն բանից հետո, երբ երկու խմբերն անցել են մաքսային հսկողություն, հանդիպել են օդանավակայանի «չեզոք գոտում»։ Վայրէջք կատարելուց առաջ փոխանակվել են ճամպրուկներով, որպեսզի երկրորդ խումբը ոսկու մի մասը հասցնի Դուբայ։
«Արժեքավոր բեռով չարագործները «Վնուկովո» մաքսատան օպերատիվ աշխատակիցների կողմից ձերբակալվել են ինքնաթիռի իջնելուց հետո»,- հայտնել է ԴՄԾ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիներին կալանավորել են, ռուսաստանցիներից ստորագրություն են վերցրել երկրից չհեռանալու մասին։ Քրեական գործեր են հարուցվել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգության հոդվածով։