ՀՀ Գլխավոր դատազությունից պատասխանել են «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակմանը, ըստ որի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ այդ կառույցը անգործության է մատնված եղել։
<Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով 06.04.2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործով տուժող ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Մուրադյանի բողոքի (միջնորդության) լուսապատճենին, դատախազությանը մեղադրել է նրանում, որ թեև այդ միջնորդությամբ մատնանշված է եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում առկա՝ անվտանգության մի շարք կոպիտ խախտումների մասին և հորդոր է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը, սակայն Երևան քաղաքի դատախազը չի պատասխանել միջնորդությանը, իսկ գլխավոր դատախազությունը «մատնված է եղել անգործության»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ դատախազության՝ հոդվածում հնչած մեղադրանքները սակայն բացարձակ անհիմն են: Դրանում նշված հանգամանքները ոչ միայն էականորեն խեղաթյուրված են ներկայացրել իրողությունները, այլ նաև հիմնված են Դատախազության իրավասությունների մասին մակերեսային մակարդակի դատողությունների վրա:
«Նախ՝ քրեական գործի շրջանակում դեռևս 07.04.2021թ. քննիչի կողմից նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
2021թ. հուլիսի 14-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փաստաբան Տ. Մուրադյանի 09.07.2021թ. բողոքը՝ հրապարակմանը կցված փաստաթղթի լուսապատճենից արդեն հայտնի՝ բաձրացված հարցերի ներառմամբ:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 19.07.2021թ. փաստաբանի միջնորդությունը օրենքով սահմանված կարգով ուղարկել է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը և այդ մասին 19.07.2021թ. գրությամբ հայտնվել փաստաբանին: Քննիչը՝ քննարկելով միջնորդությունը՝ 28.07.2021թ. որոշել է, դրանից ելնելով, փորձագետներին լրացուցիչ հարցադրումներ կատարելու և լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ միջնորդության համապատասխան կետը բավարարել, այսինքն միջնորդության մեջ նշվող հարցադրումները ուղարկվել են փորձագիտական կենտրոն։
Այդ մասին քննիչը համապատասխան գրությամբ հայտնել է փաստաբանին՝ նշելով, որ միջնորդությամբ նշված հանգամանքները քննության առարկա է դարձվել կատարվող նախաքննության շրջանակներում: Պարզաբանվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ գույքի վրա կալանք դնելու հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուց հետո, և այդ մասով միջնորդության քննարկումը հետաձգել է:
Հարկ է հիշեցնել նաև, որ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ կալանք կարող էր դրվել միայն կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի նկատմամբ, ում վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար կարող է դրվել նյութական պատասխանատվություն: Մինչդեռ որպես մեղարդյալ ներգրավված անձ այդ ընթացքում չի եղել: Հետևաբար, հոդվածում նշված պնդումը, որ որևէ պատասխան չի տրվել միջնորդությանը, իրականության հետ աղերս չունի:
Ինչպես հրապարակված հոդվածում, այնպես էլ դրա շուրջ մեկնաբանություններում ակնհայտորեն խեղաթյուրվել են նաև որևէ սուբյեկտի, տվյալ դեպքում տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու առնչությամբ դատախազության լիազորությունները:
Ինչպես «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազը չունի որևէ իրավասություն անմիջականորեն դադարեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը»»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։