ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ, պարզել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացրել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման հիշյալ դեպքերը փոխկապակցված են և դրանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 8 քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
Նախաքննության ընթացքում կատարված խուզարկություններով ընդհանուր առմամբ առգրավվել են 41 գրամ քաշով «Մարիխուանա», 3.5 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, թվով 170 հատ տարբեր չափերի կանեփի բույսեր, ինչպես նաև` թմրամիջոցներն օգտագործելու համար նախատեսված պրեկուրսորներ:
10 անձանց մեղադրանք է ներկայացվել: Նրանցից 4-ի նկատմամբ կիրառվել է կալանավորումը, 6-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: